Կրեմլը չի բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: Նա պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ «Մենք հանդիպումը չենք բացառում»՝ ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ պետքարտուղարի ռուսաստանյան այցի մասին հայտնել էր Reuters գործակալությունը։ «Ես մեկ շաբաթից կգնամ Մոսկվա և կհանդիպեմ Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ՝ քննարկելու Սիրիայի և ՈՒկրաինայի հարցը»,- Reuters գործակալության փոխանցմամբ, ասել էր Քերին՝ Փարիզում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի ժամանակ։
«Եթե մենք կարողանանք մոտեցնել մեր տեսակետները, որպեսզի հասկանանք, որ բոլորիս համար դրական արդյունք կլինի Սիրիայի պահպանումն ու երկրում քաղաքական կարգավորումը, վիթխարի ձեռքբերում կլինի։ Ահա թե ինչու եմ ես գնում այնտեղ»,- ասել էր Քերին։