ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի և նրանց ուղղված սպառնալիքների առնչությամբ։ ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ մի քանի լրագրողների խոչընդոտել են իրենց պարտականությունները կատարել հանրաքվեի օրը։ Հատուկ ներկայացուցիչը մասնավորապես նշել է լրագրողներ Ռաֆայել Աֆրիկյանի (iLur.am), Անուշ Մկրտչյանի («Ազատություն» ռադիոկայան) և Դիանա Ղազարյանի (Hetq.am) դեպքերը։ «Ես կոչ եմ անում իշխանություններին խորապես ուսումնասիրել լրագրողների իրավունքների խախտմանը վերաբերող բոլոր միջադեպերը»,- ասել է Միյատովիչը՝ հավելելով. «Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»։
Միյատովիչն ընդգծել է հանրային իրադարձությունները լուսաբանելու լրագրողների իրավունքը և նշել, որ դա պետք է արվի անվտանգ և ազատ մթնոլորտում։
«Այս տարի հունիսին հատուկ ներկայացուցիչը կոչ էր արել իշխանություններին հետաքննել երևանյան ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները։ Հետաքննության արդյունքները այս պահի դրությամբ չեն ներկայացվել»,- ասված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում։