Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի են՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին՝ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։
Նա ցավակցել է վերջին միջադեպի հետևանքով զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին ու հիշեցրել, որ նման հարձակումները չեն համապատասխանում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ստանձնած հանձնառություններին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։ «Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Կիրբին: Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս հանդիպում կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Մենք կողմերին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել՝ բռնությունից խուսափելու և բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար»,- ասել է նա։ ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ կրակ է բացել տանկից։ Հայկական կողմից զոհվել էր մեկ զինծառայող։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տանկից կրակելու գործողությունը բնութագրել էր «ոչ այլ ինչ, եթե ոչ ահաբեկչություն»: