ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին կոչ է արել ճեպազրույց անցկացնել, որի ընթացքում նա կպատասխանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին: Մտահոգիչ հարցերը Էդ Ռոյսը և կոնգրեսական Էլիոթ Էնջելը շարադրել էին հոկտեմբերի 26-ին ՈՒոռլիքին հասցեագրված նամակում, որը ստորագրել էր Ներկայացուցիչների պալատի 80 անդամ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերի, այդ թվում՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, ԵԱՀԿ դիտորդական գործողություններն ակտիվացնելու, սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: «Ինչո՞ւ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում, ինչո՞ւ չեն ստեղծում այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած հավաքի ժամանակ ասել է Էդ Ռոյսը՝ հիշեցնելով, որ օրերս Ադրբեջանը աննախադեպ քայլի է գնացել՝ կրակելով տանկից: