Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կանադայի վարչապետը անձամբ ողջունեց սիրիահայ փախստականի ընտանիքին

Կանադայի վարչապետը անձամբ ողջունեց սիրիահայ փախստականի ընտանիքին
12.12.2015 | 10:01

Կանադան ընդունեց սիրիացի փախստականների առաջին խմբին, որում սիրիահայ ընտանիքներ կան: Հինգշաբթի կեսգիշերին մոտ Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք կատարեց կանադական ռազմատրանսպորտային օդանավը, որը Հորդանանից 163 սիրիացի փախստականների տեղափոխեց Կանադա: Նրանց դիմավորեց վարչապետ Ջասթին Թրյուդոն, որ խոստացել էր 25 հազար սիրիացի ներգաղթյալների ընդունել: Տորոնտոյի օդանավակայանում նա անձամբ դիմավորել է սիրիացի փախստականներին, զրուցել նրանց հետ, տաք հագուստներ տվել: Առաջին ներգաղթյալներից մեկը, ում հետ թարգմանչի օգնությամբ վարչապետը շփվել է, Հալեպից գինեկոլոգ Գևորգ Ժամկոչյանն էր, նրա կինը՝ Գեորգիա Զիրեսը, և մեկուկես տարին դեռ չբոլորած դուստրը՝ Մադլենը՝ հաղորդում է Associated Press-ը: GlobalNews կանադական կայքը տեսանյութեր է տեղադրել, ցուցադրելով ներգաղթյալների ժամանումն ու նրանց հետ զրուցող վարչապետին:
«Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը»,- ասել է Գևորգ Ժամկոչյանը վարչապետին: «Զգացեք Ձեզ ինչպես տանը: Բարի գալուստ Ձեր նոր տուն»,- պատասխանել է Ջասթին Թրյուդոն: Ժամկոչյանը ասել է․ «Մենք շատ ենք տառապել: Մենք այնպիսի զգացողություն ունենք, ասես դժոխքից դուրս ենք եկել ու մտել դրախտ»: Associated Press-ը գրում է նաև Գրեգ Կեոշկերյանի մասին, որ օդանավակայանում սպասում էր ընկերոջը: Նա նույնպես սիրիացի փախստական է, 10 ամիս է՝ բնակվում է Կանադայում և ասել է, թե մտադիր չէ ԱՄՆ-ին դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար: «Կանադան հյուրընկալ է: Միացյալ Նահանգները, թվում է, այսպես չէ: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց, բազմամշակութային միջավայր կա: Իմ բոլոր ընկերները հիմա հարցնում են Կանադայի մասին, հետաքրքրվում են՝ ինչպես կարող են այստեղ գալ: Երկու շաբաթից մեկ ուրիշ չվերթ է լինելու, որով ևս գալու են մի քանի ընկերներս»,- ասել է նա: Reuters-ը նշում է, որ հայ համայնքը հովանավորում է առաջին օդանավով տեղ հասած ներգաղթյալներից 71-ին: «Սա նրանց վերջնական կանգառն է նոր կյանք սկսելու համար»,- ասել է Տորոնտոյի հայ համայնքի համակարգողը:
Ներգաղթյալներին առաջին հերթին բաժանվել են ձմեռային տաք հագուստ, ծածկոցներ: Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել այս գործը կազմակերպողներին և կամավորներին, ասելով, թե ոչ միայն ներգաղթյալները, այլև ամբողջ աշխարհը տեսնում է Կանադայի հյուրընկալությունը:
Հաջորդ օդանավը սիրիացի փախստականների երկրորդ խմբին Կանադա է տեղափոխելու շաբաթ օրը: Նրանք ժամանելու են Մոնրեալ:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ