Trend-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հույսեր է կապում 2016-ին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ: «Գերմանիան համանախագահներին վստահեցրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին լիակատար աջակցության մասին։ Դեկտեմբերի 3-4-ին Բելգրադում անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպման վերջնական մանրամասները։ Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո եկել է ժամանակը՝ նախագահների հանդիպման ու կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման համար»,- ասել է ՈՒոռլիքը։ Նրան հարց են ուղղել հակամարտության կարգավորման մասին Ռուսաստանի նոր առաջարկների վերաբերյալ, որոնց մասին իր ռուս գործընկերոջ տարածաշրջանային այցից հետո բարձրաձայնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ամերիկացի համանախագահն ի պատասխան ընդգծել է, որ հակամարտող կողմերն այսօր դիտարկում են մի շարք առաջարկներ, որոնք վայելում են համանախագահների ամբողջական աջակցությունը. «Ռուսաստանի արտգործնախարարը աշխատանքային զգալի փորձ ունի՝ որպես հակամարտության միջնորդ, և մենք ողջունում ենք նրա մասնակցությունն ու համանախագահների հետ աշխատանքին հավատարմությունը։
Մեր ընդհանուր նպատակն է, որ գտնեն տարածաշրջանի բոլոր մարդկանց շահերին համապատասխանող հակամարտության կարգավորում։ ԱՄՆ-ը նախկինի նման հավատարիմ է հակամարտության կարգավորմանն օգնելուն»։