Ազգայնականության ծաղկումը Ֆրանսիայից մինչև Լեհաստան կարող է հանգեցնել Եվրոպայում լիբերալ ժողովրդավարության անկման՝ գրում է The Guardian-ը: Տարածքային ընտրություններում հաղթանակից հետո Մարին Լե Պենի Ազգային ճակատը հաստատվել է որպես Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցություն: Հոդվածագիրը կուսակցության քաղաքականությունն անվանում է «պրոֆեսիոնալ մաքրված ֆաշիզմ» և վստահ է, որ 2017-ին Մարին Լե Պենը կառաջադրվի նախագահի թեկնածու: Ֆրանսիան միակ երկիրը չէ, որտեղ բարգավաճում են ազգայնական տրամադրությունները: Մինչ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձում է արգելել կառավարության քննադատությունը հանուն «հանրային բարոյականության», Լեհաստանում աջ «Իրավունք և արդարություն» կուսակցությանը հաջողվել է իշխանության գլուխ գալ: The Guardian-ի հոդվածագիրն այդ միտումները բացատրում է Եվրոպայում ֆինանսական անկայունությամբ, քաղաքացիներից իշխող էլիտաների կտրվածությամբ: