Չնայած անցյալ շաբաթվա հաղթարշավին՝ Ֆրանսիայում տարիներ շարունակ ազգայնականի հեղինակություն վայելող Մարին Լե Պենի կուսակցությունը ձախողել է երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում: Նման արդյունքն անսպասելի են համարում ֆրանսիացի վերլուծաբանները: Ընտրությունների առաջին փուլում ազգայնականներն ակնհայտ առավելությամբ հաղթանակ էին տարել: Ֆրանսիան ծայրահեղ իսլամիստներից զերծ պահելու հարցում յուրօրինակ հայացքներով հայտնի Մարին Լե Պենի գլխավորած Ազգային ճակատ կուսակցությունն անցյալ շաբաթ հաղթել էր 13 ընտրատարածքներից վեցում, իսկ երեկ՝ պարտվել բոլոր տեղամասերում: Երկրորդ փուլից առաջ մի շարք շրջաններում առաջադրված՝ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցության թեկնածուները նախընտրեցին ինքնաբացարկ հայտնել` իրենց կողմնակիցներին կոչ անելով քվեարկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուների օգտին: Պարտությունից հետո Մարին Լե Պենը չի վարանել հայտարարել, որ Ազգային ճակատն առաջին կուսակցությունն է Ֆրանսիայում: «Հիմա մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք, եռապատկելով տարածքային մարմիններում խորհրդականների թիվը, կլինենք հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ֆրանսիայի մի շարք տարածքներում», - ասել է նա: