Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատասխան գործողությունները։ «Խորհուրդը քննարկել է Ռուսաստանի և Սիրիայի ռեժիմի ուժերի համատեղ ռազմական գործունեության հետ կապված բոլոր հարցերը, այդ գործողությունների ազդեցությունը փախստականների նոր հոսքի վրա։ Խորհրդի նիստում մանրամասնորեն քննարկվել են Ռուսաստանի նկատմամբ պատասխան գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ Քննարկվել է նաև Իրաքում իրավիճակը և համերաշխություն է հայտնվել Բաղդադի հետ «ԻՊ-ի դեմ պայքարի հարցում, որը սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ- Ջաֆարին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով հռչակագիր ընդունել երկրի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ գտնվում են թուրք զինծառայողները։