ԱՄՆ-ը համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսմեն, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կազմակերպած լսումներում: Նա հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով: «Հույս ունեմ, այս օրինագիծը կհրավիրի նրանց ուշադրությունը խնդրի վրա, մենք շատ լուրջ ենք տրամադրված՝ Կոնգրեսում օրինագիծն ընդունելու հարցում»,- ասել է Սմիթը:
Լսումների ընթացքում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Դելփին Հագլանդը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրենց աշխատանքի պատճառով ազատությունից զրկվել է 12 լրագրող ու բլոգեր:
«Նախագահ Իլհամ Ալիևն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը»,- ավելացրել է Հագլանդը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարության առջև առաջ դրվող պահանջները՝ մամուլի ազատության և մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, կարող են դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման համար: «Մենք գիտենք, որ նախագահ Ալիևը չափազանց լուրջ է վերաբերվում իր իմիջին, հատկապես՝ ԱՄՆ-ում, և ես իսկապես հավատացած եմ, որ եթե ԱՄՆ-ը լուրջ գործողություններ ձեռնարկի, Ալիևի վրա դա կազդի»,- ավելացնում է Դելփին Հագլանդը: Հիշատակելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները՝ կոնգրեսմեն Սմիթը նշել է, որ Բաքու է այցելել երկու անգամ և երկու անգամ էլ լուրջ քննարկումներ է ունեցել նախագահի հետ: «Բաքվում հանդիպումների ընթացքում ես ասում էի, եկեք ճնշում գործադրենք այդ անձնավորության՝ Ալիևի վրա: Նա շատ հրապուրիչ մարդ էր, սակայն մեզ անհրաժեշտ է ազնվություն և ճշմարտություն»,- նշել է կոնգրեսմենը: «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը նախօրեին ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: