Անցյալ շաբաթ բելառուսական պատվիրակությունը Վաշինգտոնում էր, որտեղ քննարկվել են մարդու իրավունքների իրավիճակին ու ժողովրդավարական զարգացման խոչընդոտներին վերաբերող հարցեր: Բելառուսական պատվիրակության հետ քննարկվել են խոսքի ազատության վիճակը, քաղաքացիական հասարակության զարգացման անհրաժեշտ պայմանների ապահովումը, լրատվամիջոցների անկախությունը, օրենքի գերակայությունը որպես հիմնարար պայման ընդունելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը: «ԱՄՆ-ը ողջունում է օգոստոսի 6-ին քաղբանտարկյալներին ազատ արձակելու՝ բելառուսական իշխանությունների քայլը և կոչ է անում շարունակել դրական քայլեր ձեռնարկել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում»,- նշված է հայտարարությունում: ԱՄՆ-ը Բելառուսին կոչ է անում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացնել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի սահմանած չափանիշներին համապատասխան: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ Բելառուսում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը երկկողմ հարաբերությունների պայմանն է և երկրի ապագայի պարզ հեռանկարը: «Եթե Բելառուսը ապագայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում կատարի դրական քայլեր, ԱՄՆ-ը կքննարկի հարաբերությունները վերջնականապես կարգավորելու քայլերը»,- նշված է պետդեպարտամենտի հայտարարությունում: ԱՄՆ-ը նշում է, որ մնում է հավատարիմ Բելառուսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանն աջակցելու հարցում: