Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է սիրիացի ապստամբների վերահսկած Իդլիբ քաղաքին ավիահարվածներ հասցնելը և հայտարարել, որ Սիրիան չպետք է վերածվի Ռուսաստանի կայսերական նպատակներից մեկի։
Ելույթ ունենալով «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավորների առջև՝ Դավութօղլուն հայտարարել է. «Սիրիական տարածքը ռուսական կայսերական թիրախների մաս չէ և չի լինելու»։ Դավութօղլուն մեկնաբանել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման բանակցությունները՝ հայտարարելով, որ իրենք պահանջում են Իսրայելից թուլացնել Գազայի հատվածում սահմանափակումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմական գործողության ժամանակ սպանվել է 600 խաղաղ բնակիչ, 200-ը զոհվել է դեկտեմբերի 20-ին՝ Իդլիբի վրա ռուսական ավիացիայի հարձակման ժամանակ։