Բեռնի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կարևոր հնարավորություն ընձեռեց՝ վերջին մեկ տարում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու և հստակեցնելու իրենց դիրքորոշումները՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին: Երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով ներկայացնելով իր մեկնաբանությունները՝ Քիրբին ասել է, թե «նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, և մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ»: «Նրանց պահանջով՝ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելու առաջարկների վրա: Համանախագահները նաև պատրաստ են աջակցել նախագահների հանդիպմանը եկող տարի՝ շարունակելու քննարկումները կարգավորման շուրջ»,- հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը որպես ՄԽ համանախագահ երկիր՝ շարունակում է հաստատակամ մնալ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում և կարևորել ժողովրդական դիվանագիտությունը: Անդրադառնալով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման՝ հատուկ սարքեր տեղադրելու առաջարկին, Քիրբին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը օրեր առաջ հայտարարությամբ ողջունել է այդ առաջարկը: