ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ իր ցուցակը ԵՄ-ի հետ ներդաշնակեցնելու համար՝ դեկտեմբերի 23-ին INTERFAX-ին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատու ՈՒիլ Սթիվենսը: «Այսօրվա գործողությամբ մենք ցուցակում ներառել ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց, որ նշված են ԵՄ պատժամիջոցային ցուցակում»,- հայտարարել է Սթիվենսը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցակների ներդաշնակեցումը «ապահովում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ բիզնեսի ներկայացուցիչները նույն կանոններով են խաղում, և նվազեցնում է ծանրաբեռնվածությունը մասնավոր ոլորտի վրա»: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի իշխանություններն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակը ռուսական և ուկրաինական ընկերությունների նկատմամբ: Կրեմլում որոշումն անվանել են ոչ բարեկամական և ապակառուցողական: «Դա գծի շարունակությունն է, որն ավերիչ ազդեցություն ունի երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա խոստացել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին: Դեկտեմբերի 1-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով՝ մինչև 2016 թ. հուլիսի 31-ը: Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ին: