Ադրբեջանը ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան պատժամիջոցներ կիրառել: Պատճառը Քրիստոֆեր Սմիթի գլխավորած ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությունն է. նա դեկտեմբերի 17-ին Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ի պատասխան` Ադրբեջանի Միլլի մեջլիսի քաղաքականության և պետականության կառուցման հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախագիծը կուսումնասիրվի Միլլի մեջլիսի Միջազգային և միջխորհրդարանական կապերի և Մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստում: Փաստաթղթում ասվում է, որ անկախության տարիներին Ադրբեջանը բազմիցս բախվել է ԱՄՆ-ի տարբեր կազմակերպությունների կրկնակի չափանիշների քաղաքականությանը: Ամերիկյան որոշ կազմակերպություններ տարբեր պատրվակներով փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը: Նախագծում հիշեցվում է, որ ԱՄՆ-ը, որն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցներ է պատրաստում, անընդհատ պատրվակներ է փնտրում` չստորագրելու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը վավերացրել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքները կանոնակարգող 14 հիմնարար փաստաթղթից չորսը: Մինչ այժմ Երեխաների իրավունքների վերաբերյալ համաձայնագրին ընդամենը երկու երկիր չի միացել` Սոմալին և ԱՄՆ-ը: Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է դադարեցնել էներգետիկայի, անվտանգության և ռազմական ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, ադրբեջանական զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը, արգելել ԱՄՆ-ի ռազմական և այլ բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով, այդ նպատակների համար Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը, ընթացակարգ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբից ԱՄՆ-ի հետկանչի ուղղությամբ: