Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել է Սիրիայի տարածքում անվտանգության գոտու ծրագրերը: Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ գոտում կարող են հիմնավորվել փախստականներ, որ ապրում են Թուրքիայի ճամբարներում և ցանկանում են վերադառնալ Սիրիա: «Առաջին փուլում գոտին կձգվի սահմանի 98 կմ-անոց երկայնքով և 45 կմ-ով կհեռանա դեպի Սիրիայի խորքը, մենք կարող ենք ընդարձակել: Դա կլինի ահաբեկչությունից ազատ գոտի, այնտեղ կարող են ապրել ներքին տեղահանված անձինք և նրանք, ովքեր գտնվում են Թուրքիայի ճամբարներում»,- ասել է նախագահը: Նա նշել է, որ իրենք կարող են նախագծի համար միջոցներ հավաքելու արշավ սկսել և այդ տարածքում կառուցել բնակավայր՝ ըստ Սիրիայի կարիքների: Առաջարկին չեն աջակցել նույնիսկ դաշնակիցները: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը ասել է, որ նման գոտիների ստեղծումը պահանջում է նշանակալի ռեսուրսներ` ընդգծելով, որ տարածքի պաշտպանության համար անհրաժեշտ կլինեն էական ցամաքային ռեսուրսներ, ինչը «հակասում է այն ռազմավարությանը, որը որդեգրել է մեր նախագահը»: