Բրիտանական The Sunday Times-ը, վկայակոչելով «Թալիբանում» իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կազմակերպության առաջնորդի հետ և աջակցություն խոստացել: Տեղեկությունը Կրեմլում հերքել են: «Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հանդիպել է Թալիբանի առաջնորդ մոլլա Ահթար Մանսուրի հետ: Հանդիպումը կայացել է Տաջիկստանի ռազմաբազայում»,- The Sunday Times-ին պատմել է թալիբների անանուն հրամանատարը, որ իր խոսքով ներկա է եղել բանակցություններին: Մանսուրը ցանկանում էր քննարկել Ռուսաստանի հնարավոր աջակցության հարցը: Նրա խոսքով` Պուտինը թալիբներին ժամանակակից ռուսական զենք և ֆինօգնություն է խոստացել` Մոսկվայի շահերին համապատասխան համագործակցության դիմաց:
Նա ընդգծել է Պուտինի մտահոգությունը, որ ԴԱԻՇ-ի զինյալները ամրապնդվել են Աֆղանստանում, որը սահմանակից է հետխորհրդային Տաջիկստանին ու Թուրքմենստանին։ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Աֆղանստանի արևելքում տարածքներ գրաված ԴԱԻՇ-ի զինյալների ոչնչացումը Մոսկվայի ու Թալիբանի ընդհանուր առաջադրանքն է։