Թուրքիայի քաղաքական քայլերի հակասությունների շարքը տարածաշրջանային մեկուսացման է հանգեցրել և այժմ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստիպված է «նոր ընկերներ» գտնել՝ գրում է Al-Monitor-ը: Օրակարգում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելն է, իսկ Թել-Ավիվից հետո թուրքական կառավարությունը որոշել է բախել Կատարի դուռը: «Երբ ՌԴ նախագահը խուսափեց Էրդողանի հետ շփվել Փարիզի կլիմայական համաժողովում, նա մեկնեց Դոհա, որտեղ բանակցեց Կատարի շեյխ Համադ բին Խալիֆ ալ-Թանիի հետ, և կողմերը գազային համաձայնագիր ստորագրեցին»,- ասված է հոդվածում: Դոհան ներդրումներ է անում Թուրքիայի մեդիաարդյունաբերության ոլորտում:
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Կատարի ուղղակի ներդրումները Թուրքիայում այժմ 6 մլրդ դոլարից կարող է աճել մինչև 10 անգամ:
Երկու երկրների տնտեսական կապերը շարունակում են զարգանալ, ճիշտ այնպես, ինչպես Կատարի կառավարության և Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտանիքի ու նրա շրջապատի անձնական հարաբերությունները: Չնայած Թուրքիայի և Կատարի բարեկամությանը, Արաբական պետությունների լիգան համատեղ հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով թուրքական զորքերի տեղակայումը Մոսուլում, և Անկարային կոչ արեց հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը: Հանուն Դոհայի հետ մերձեցման՝ Էրդողանի կառավարությունը պատրաստ է չեղարկել տարածաշրջանում առաջնորդ դառնալու նեոօսմանական ձգտումները և միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող հակաահաբեկչական իսլամական կոալիցիային: