Միջազգային հանրությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգներով։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խզում է կապերը Իրանի հետ: Երեկ երեկոյան Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեիրը Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը 48 ժամ տվեց երկիրը լքելու համար։ Սաուդյան Արաբիան հետ է կանչել Իրանում հավատարմագրված իր դիվանագիտական բոլոր ներկայացուցիչներին: Արտաքին գործերի նախարարը երեկ երեկոյան հայտարարել է, որ Իրանից արդեն վերադարձել են դիվանագետները, մի մասը ճանապարհին է: Նախ Բահրեյնը, ապա Սուդանը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարեցին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Նախօրեին ցուցարարները բողոքել են Սաուդյան Արաբիայում շիա 56-ամյա ազդեցիկ հոգևորական Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով: «Մենք վճռական ենք տրամադրված, որ թույլ չտանք Իրանը խարխլի մեր անվտանգությունը, ստեղծի կամ հաստատի ահաբեկչական օջախներ մեր կամ մեր դաշնակիցների երկրներում»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը: Ալ-Ջուբեիրը Թեհրանին մեղադրել է մաքսանենգ ճանապարհով զենք, պայթուցիկ տեղափոխելու մեջ։ «Իրանի ռեժիմը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների նկատմամբ բռնությունների մեծ ցանկ ունի՝ սկսած 1979-ին ԱՄՆ դեսպանատան գրավումից»,- մեղադրանքների շարքը շարունակել է նախարարը։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին Սաուդյան Արաբիային մեղադրել է «տարածաշրջանում բախումների և լարվածության աճին նպաստելու մեջ»։ Մինչ այդ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային սպասում է «աստվածային հատուցում»:
Լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան Սաուդյան Արաբիային մեղադրել է մահմեդականների շրջանում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի մեջ, հետնորդներին զգոնության կոչ է արել: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նույնպես անհանգստություն է հայտնել, որ շիաների հոգևոր առաջնորդի մահապատիժը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի վրա: Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել շիա հոգևորականի մահապատժի կապակցությամբ, Սաուդյան Արաբիայի իշխանությանը հորդորել է հարգանքով վերաբերվել ընդդիմության տեսակետներին: ԱՄՆ-ը անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրավիճակը սրելու կապակցությամբ՝ տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը և փոխանցել Վաշինգտոնի հորդորը տարածաշրջանի ղեկավարներին՝ խելամիտ քայլերով խուսափել բարդություններից:
Լարվածության աճն անընդունելի է համարել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Հաշտեցման կոչով է հանդես եկել Փարիզը: