ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սպասում է, որ Սիրիայում իշխանության փոխանցման գործընթացը «լավագույն դեպքում» կավարտվի 2017-ի մարտից ոչ շուտ՝ հայտնում է Associated Press-ը, հղում անելով Սպիտակ տան ներքին օգտագործման համար փաստաղթղերից մեկին: Սիրիական ճգնաժամով զբաղվող պաշտոնյաների համար վարչակազմի կազմած գրաֆիկում նշված է անորոշ ժամկետ՝ փաստաթուղթը կազմողները կարծում են, որ Սիրիայի նախագահը պաշտոնը կլքի 2017-ի մարտին, ինչպես և իր մերձավոր շրջապատը:
«Իրադարձությունների այդ զարգացման դեպքում Ասադի պաշտոնանկության Օբամայի առաջին կոչերից մինչև նրա հեռանալը ավելի քան 5 տարի կանցնի»,- նշում է գործակալությունը: Գրաֆիկը հիմնված է ՄԱԿ-ի ծրագրի վրա, որն առաջին անգամ ուրվագծվել է Վիեննայում նոյեմբերյան կոնֆերանսում՝ հավելում է AP-ն: Ռազմավարության համաձայն՝ նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սիրիայում տեղի կունենան 2017-ի օգոստոսին: Բաշար Ասադի հեռանալու պահից մինչև իշխանության նոր ներկայացուցիչների ընտրվելը երկիրը կղեկավարի անցումային կառավարությունը: Նոր քաղաքական գործընթացը Սիրիայում պետք է սկսվի 2016-ի փետրվարին: