Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին անցել է սահմանը, երբ գործադիր լիազորությունների մեծացմանն ուղղված նրա քայլերի վերաբերյալ լրագրողների հարցին նա պատասխանել է, որ նախադեպը եղել է «հիտլերյան Գերմանիայում», գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ Էրդողանն արդեն հասցրել է ձեռք բերել մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի հեղինակություն: «10 տարի առաջ իշխանության գալուց ի վեր նա օգտագործել է իր նախարարական, այնուհետև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ները, արհմիությունները և այլ հակառակորդներին ճնշելու համար»,- նշում է թերթը: Թուրքիայի նախագահի վարքի վերաբերյալ վատագույն մտավախությունները հաստատվել են նոյեմբերին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո՝ ուշադրություն հրավիրելով Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության դեմ նրա սկսած արշավի վրա: «Թուրքիայի դաշնակիցները՝ ԱՄՆ-ը և Եվրոպան, ամոթալի անգործության մեջ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում երկրի հարավ-արևելքում քրդական օբյեկտների վրա»,- նշված է հոդվածում: «Պարոն Էրդողանը չափազանց հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդավարության հարգելի առաջնորդ և տարածաշրջանում հուսալի գործընկեր»,- եզրափակում է թերթը: