Turan գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահից հրավեր է ստացել՝ մասնակցելու մարտի վերջին Վաշինգտոնի միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին։ Վաշինգտոնում պաշտոնատար անձինք դեռ չեն մեկնաբանում դա, հայտնի չէ՝ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Վաշինգտոն, թե՞ ոչ։ Freedom House-ի նախկին նախագահ Դևիդ Կրամերը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարության հանդեպ ամերիկացի քաղաքական գործիչների դրական մոտեցումը զգալիորեն խարխլվեց, երբ Ալիևը հրաժարվեց ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Կրամերը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ազատի քաղբանտարկյալներին, ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները կընթանան դրական ուղղությամբ. «Հենց քաղբանտարկյալներն են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ամենամեծ խոչընդոտը։ Ոչ վաղ անցյալում հայտարարած համաներման ժամանակ Ալիևը ցուցադրաբար չի ազատել գեթ մեկ քաղբանտարկյալի։ Դա կլիներ իրական հնարավորություն՝ ԱՄՆ-ին ու Արևմուտքին ցույց տալու, որ Ալիևը կառուցողաբար է տրամադրված։ Սակայն նա ընտրեց հակառակը։ Ես չեմ հավատում, որ քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարվելը Քրիստոֆեր Սմիթի օրինագծի արձագանքն է։ Անգամ Լեյլա և Արիֆ Յունուսներին բանտից ազատելուց հետո չեն թույլատրում լքել երկիրը՝ նորմալ բուժում ստանալու համար, և նրանց վրայից հանված չեն մեղադրանքները»։ Խոսելով Քրիստոֆեր Սմիթի օրինագիծը որպես «հակաադրբեջանական» ներկայացնելու Բաքվի փորձերի մասին՝ Կրամերը հայտարարել է, որ դա հակաադրբեջանական փաստաթուղթ չէ։
Կրամերն ընդգծել է, որ փաստաթուղթն ուղղված է Ադրբեջանի կառավարության կոնկրետ անձանց դեմ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտման համար, և օգուտներ են քաղում. «Նոյեմբերին նախագահ Օբաման Թուրքիայում կարճատև հանդիպում ունեցավ նախագահ Ալիևի հետ։ Նախագահ Ալիևը դրանից հետո դրական քայլեր չի ձեռնարկել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում։ Ադրբեջանում պետք է հիշեն ոչ միայն Սմիթի օրինագծի, այլև մյուս ակտի՝ Մագնիտսկու գլոբալ օրենքի մասին։ Երկուսն էլ կարող են կիրառվել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար։ Հուսով եմ, որ նախագահ Ալիևն ու նրա կառավարության մյուս անդամները գիտակցում են, որ եթե քաղբանտարկյալներից մեկը աղետալիորեն մահանա բանտում, պատժամիջոցների հավանականությունը կաճի երկրաչափական պրոգրեսիայով»,- ասել է նա։