Անկարան այլևս չի հավակնում մերձավորարևելյան գերտերության կարգավիճակին Թուրքիայի դիրքերի թուլացումից հետո, որի պատճառը խոցված ռուսական ինքնաթիռն է՝ Al-Monitor-ում գրում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Չենգիզ Կանդարը: Եթե որոշակի կասկածներ կային, Թուրքիայի իշխող կուսակցության վերջին հուսահատ ջանքերը՝ խուսափել միջազգային մեկուսացումից, պետք է ցրեին: Անկարան չմտածված որոշում կայացրեց և միացավ ընդդեմ ահաբեկչության Սաուդյան Արաբիայի կոալիցիային: Դաշինք, որից հրաժարվեցին Պակիստանը և Մալայզիան, շատ վերլուծաբանների կարծիքով, սուննիական կոալիցիա է, որի ուժերով Էր Ռիադը մտադիր է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Համաձայնելով մի շարքում կանգնել Կոմորյան կղզիների, Մալիի և Նիգերիայի հետ կոալիցիայում, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան, Թուրքիան կորցրեց սուննիական պետության կարգավիճակին հավակնելու իր իրավունքը՝ ի հակակշիռ Իրանի: Տարածաշրջանային գերտերության հավակնությունից հրաժարվելու ևս մի ապացույց է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սերտացումը: Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը պետք են միմյանց: Կանդարի կարծիքով՝ նա այդ կերպ գնահատեց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և հասկանալ տվեց, որ Անկարան այլևս չի ձգտում վիճարկել Իսրայելի տարածաշրջանային դերը: Թուրքիան, աջակցելով սաուդցիների սուննիական կոալիցիային և Իսրայելին, որը տարածաշրջանում ամենահակաիրանական երկիրն է, ոչ միայն հրաժարվում է տարածաշրջանային գերտերությունից, այլև հանդես է գալիս Իրանի դեմ այնպես, ինչպես երբեք՝ ընդգծում է վերլուծաբանը: Կարծիք կա, որ Անկարայի քայլերը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի նկատմամբ դրական գնահատական են ստացել Վաշինգտոնի կողմից: Սակայն ԱՄՆ-ի շտաբների հրամանատարի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի այցը Թուրքիա բացահայտեց երկու երկրների միջև անհանգստության հիմնական աղբյուրը՝ Վաշինգտոնի աջակցությունը սիրիացի քրդերին: Խոսքը քրդական կազմակերպությունների ինքնապաշտպանական ուժերի մասին է, որ Սիրիայում կռվում են ԴԱԻՇ-ի դեմ: Անկարան մտավախություն ունի, որ նրանց ուժերով կստեղծվի քրդական միջանցք երկրի հյուսիսում, ինչը Թուրքիայի շահերից չի բխում:
Կանդարը մեջբերում է Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Ջոշուա Լենդիսին, որ հայտարարել է. եթե հաշվի առնենք, որ քրդական ջոկատները օգնում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, իսկ Էրդողանը՝ ոչ, Վաշինգտոնի և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև համագործակցությունը կխորանա:
Թուրքիային և Էրդողանին, որը կորցնում է դիրքերը միջազգային բեմահարթակում, սպասում են դժվար ժամանակներ՝ ամփոփում է Կանդարը: