Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը: Sözcü թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է հայկական հարցում: Նրա նշանակումը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի ժամանակ, երբ Ռուսաստանը ռազմավարական մակարդակով ավելի է զարգացնում հարաբերությունները Հայաստանի հետ: «Ռուսները ճնշեցին, նախագահականն էլ իր առաջին քայլը կատարեց»,- գրել է Sözcü-ն՝ նկատել տալով, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Կրեմլը որոշեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծել: Նշվում է, որ ռուս-թուրքական կոնֆլիկտն իր ազդեցությունն է ունենում նաև ղարաբաղյան հիմնախնդրի վրա: