Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես հարթակ երկխոսության և վստահություն ստեղծելու համար՝ ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ։ «Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և ՈՒկրաինայի արևելքում հակամարտությունը ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ԵԱՀԿ-ն մեզ անհրաժեշտ է որպես հարթակ երկխոսության և վստահություն ստեղծելու համար»,- նշել է նախարարը։ «Եթե մենք երկարաժամկետ հեռանկարով ցանկանում ենք հասնել ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովմանը, դա հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ, անհրաժեշտ է օգտագործել եղած բոլոր ֆորումները կարծիքներ փոխանակելու և հատկապես ԵԱՀԿ-ում փոխհամաձայնության հասնելու համար»,- արձանագրել է նախարարը։
Շտայնմայերի խոսքով՝ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտության ողջ ցիկլի ընթացքում՝ սկսած նախազգուշացումից և կանխումից, ճգնաժամային կառավարումից մինչև հետճգնաժամային շրջանում դիտարկումը։ Նախարարը նշել է, որ ուշադրության կենտրոնում է լինելու ՈՒկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը։ «Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը և տեղերում ԵԱՀԿ առաքելության ակտիվացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ «Վերջին օրերը նորից ցույց են տալիս, որ միջազգային ահաբեկչությունն իրենից վտանգ է ներկայացնում ԵԱՀԿ բոլոր պետությունների համար։ Մենք այդ պատճառով ուզում ենք միասին աշխատել բոլոր հարթակներում ահաբեկչության հակազդեցության համար»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Հունվարի 14-ին Շտայնմայերը մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում կներկայացնի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ծրագիրը։ Հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային։