Լաս Վեգասում 73 տարեկանում վախճանվել է Ռենե Անժելիլը՝ Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը, քաղցկեղի հետ երկարատև պայքարից հետո:
Սելին Դիոնը Ռենե Անժելիլի հետ ծանոթացել է 1980-ին, երբ 12 տարեկան էր, իսկ նա՝ 38, հանդիպել սկսել են 1987-ից, 1994-ին ամուսնացել են Մոնրեալում: 2000-ին Անժելիլը հիվանդացել է քաղցկեղով և Սելինը դադարեցրել է համերգային գործունեությունը: Մի քանի տարի հետո հիվանդությունը նահանջել է և Սելին Դիոնը վերադարձել է բեմ՝ ստորագրելով պայմանագիր «Ցեզարս պալասի» հետ: 2013-ին քաղցկեղը նորից է գլուխ բարձրացրել և Սելինը նորից է թողել բեմը՝ ամուսնու կողքին լինելու համար: 2015-ի մարտին նա վերսկսեց համերգները: Ամուսիններն ունեն երեք երեխա՝ Ռենե Չառլզը (2001) և Նելսոն ու Էդի երկվորյակները (2010):