Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խորհրդակցութուն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների նախաձեռնությունը՝ հայտնել են Ղազախստանի նախագահի աշխատակազմից։ Պատգամավորները դիմել էին նախագահին երկրում վատացող տնտեսական իրավիճակի կապակցությամբ 5-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով։ Նազարբաևը խորհրդակցել է մաժլիսի (ստորին պալատ) նախագահի, վարչապետի և նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ ստորին պալատի պատգամավորների լիազորությունների վաղաժամ դադարեցումը արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք է։ Այդ դեպքում ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից պատգամավորների և վարչապետի հետ խորհրդատվությունից հետո։ Ընտրությունները պետք է տեղի ունենան մաժլիսի լիազորությունների դադարեցումից հետո 2 ամսում։