Մայիսին Վրաստանում երկրորդ անգամ կանցկացվեն վրաց-ամերիկյան Nobel Partner - 2016 զորավարժությունները։ Վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի մասնակցության ապահովումն է։ Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ համատեղ զորավարժությունները կնպաստեն վրացական և ամերիկյան ստորաբաժանումների փոխգործակցությանն ու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը։ «Այս պահին տեղի է ունենում Nobel Partner-2016 զորավարժության պլանավորմանը նվիրված համաժողով, որի ընթացքում քննարկվում են գործողություններին, լոգիստիկային, կապին առնչվող հարցեր»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: Զորավարժությունները տեղի են ունենալու Վազիանի ավիաբազայում։