Հիշատակելով պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցը՝ մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին արագ ու թափանցիկ դատական գործընթաց ապահովել սպանության կազմակերպիչներին բացահայտելու համար։
«Ես լիահույս եմ, որ դատավարությունում վերջին զարգացումները կօգնեն սպանության հետևում կանգնած կազմակերպիչներին կանգնեցնել արդարադատության առաջ»,- ասել է Միյատովիչը՝ նկատի ունենալով 2015-ի դեկտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը, որով հաստատվում է դատախազ Գյոքալփ Քյոքչուի միջնորդությունը՝ սպանության հարցում անփութության մեղադրանքներով 25 պետական ծառայողի նկատմամբ հետաքննություն իրականացնելու վերաբերյալ։ «Ես հավատում եմ, որ դատավարությունը վերջապես կծառայի արդարությանը Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների համար»,- ասել է Միյատովիչը: «Կազմակերպիչների բացահայտումը ցույց կտա նաև ողջ հասարակությանն արտահայտման ազատության կարևորությունը և լրագրողների դեմ բռնությունների դեմ պայքարելու շարունակական անհրաժեշտությունը»,- ասել է նա։