ԵԱՏՄ տարածքում տնտեսական ճգնաժամը ցույց է տալիս, որ Ռուսաստանում անհրաժեշտ է փոխել տնտեսական քաղաքականությունը՝ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի միջազգային տնտեսական կազմակերպությունների հատվածի ղեկավար Վյաչեսլավ Խոլոդկովը՝ նշելով, որ ռուսական տնտեսության վատ վիճակով է պայմանավորված ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսական անկումը, քանի որ սերտ կապված են ռուսական տնտեսության հետ:
«Չի կարելի հիմնվել նավթային տնտեսության վրա և ողջ տնտեսությունը կառուցել այդ հիմքով, իրականում տնտեսական քաղաքականության մեջ այսօր կիրառվում են ոչ լիբերալ քայլեր: Նման քաղաքականությունն է, որ հանգեցրել է տնտեսության կախվածության նավթի ու գազի արտահանումից: Այս իրավիճակը սկսվել է 2012-ից, հենց այդ ժամանակից ռուսական տնտեսության մեջ անկում է նկատվում: ՈՒժեղ կախվածությունը նավթամթերքներից միայն բացասաբար է ազդում ռուսական տնտեսության և ինտեգրման գործընթացի վրա»,- ասաց նա:
ՌԳԱ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա) ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովն էլ նշեց, որ մի կողմից հասկանալի է, որ նավթի գնի անկումը բացասաբար է ազդել ԵԱՏՄ անդամ հիմնականում բոլոր երկրների տնտեսությունների վրա, բայց և պետք է արձանագրել, որ դեռ 2009-ից ռուսական ռուբլու փոխարժեքը չէր համապատասխանում Ղազախստանի և Բելառուսի արտարժույթի շուկային, ինչի արժույթների հավասարակշռության խախտում էր առաջացել:
«Բոլոր երկրներից միայն Հայաստանն է շարունակում պահել արտարժույթի փոխարժեքը: Դրա բացասական կողմն այն է, որ նման պայմաններում Ռուսաստանը չի կարող հանդիսանալ այլևս ֆինանսական դոնոր, այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը, Ղրղզստանը, մասամբ Բելառուսը: Իհարկե, ֆինանսական շոկը պետք է վերապրենք, բայց ակնհայտ է, որ երբ կրճատվել են տնտեսության եկամուտները, դժվար է տնտեսության մեջ բացասական արդյունքներ չարձանագրելը»,- ասաց նա:
ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսագիտության բաժնի ղեկավար Ազա Միհրանյանն էլ բացատրեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում ազգային արժույթի՝ դրամի կայունությունը. «Հայաստանը գտնվում է յուրահատուկ կարգավիճակում ի տարբերություն ԵԱՏՄ մյուս անդամ երկրների: Սա պայմանավորված է հեռավորությամբ: Դա մի կողմից նվազեցնում է հնարավորությունները օգտվելու բոլոր առավելություններից, բայց հենց դա է տալիս Հայաստանին որոշակի կայունություն: Սա հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ ներքին ռեսուրսների վրա: Դրամի կայունությունը պայմանավորված է նաև նրանով, որ արտահանումը հավասարաչափ է բաշխվում ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ ԵՄ տարածքում»,- ասաց նա:
Անդրադառնալով ողջ ԵԱՏՄ տարածքի տնտեսական խնդիրներին, Ազա Միհրանյանն ընդգծեց՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացը սերտ կապվածություն ունի նավթի գների հետ, և դրա հետ են կապված ազգային արժույթների տատանումները: «Սակայն պետք է հիշել, որ ցանկացած ծանր պայմանում կան այնպիսի նախագծեր, որոնք կարող ենք քիչ թե շատ փրկել իրավիճակը: Պետք է սերտացնել մասնավոր համագործակցությունները երկրների միջև, ինչը կնպաստի միկրոինտեգրացիային և առանձին ոլորտների զարգացմանը»,- ասաց նա: