Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո երկիր այցելած համաշխարհային առաջին առաջնորդն է, Թեհրանում հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է նոր էջ բացել Իրանի հետ կապերում։ Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են զարգացնել Իրանի հետ ռազմավարական տնտեսական համագործակցությունը։ Չինաստանը իրանական նավթի թիվ մեկ գնորդն է, և որ անգամ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների պայմաններում շարունակել է նրանից գնել նավթ և զարգացնել էներգետիկ նախագծերը։ Սի Ցզինպինը Թեհրան ժամանել է ուրբաթ գիշերը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպել է այսօր։ Նա հայտարարել է, որ Չինաստանի ու Իրանի բարեկամությունը ունի 2000 տարվա պատմություն, և որ այսօր էլ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Իրանի ու Չինաստանի նախագահներ Հասան Ռոհանին ու Սի Ցզինպինը հայտարարել են, որ պայմանավորվել են ընդլայնել տնտեսական կապերը և երկկողմ առևտրի ծավալը 10 տարում հասցնել մինչև 600 միլիարդ դոլարի՝ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Հասան Ռոհանին։ Չինաստանն ու Իրանը նախագահների մասնակցությամբ ստորագրել են 17 փաստաթուղթ, որոնք առնչվել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։ 2014-ին Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 52 միլիարդ դոլար է, իսկ 2015-ին նավթի գնանկման պատճառով նվազել է։ 2015-ի առաջին 11 ամիսներին Չինաստանն Իրանից ներկրել է 24,36 միլիոն տոննա հում նավթ, որ նավթի ողջ ներկրման 8 տոկոսն է։ Իրան այցի շրջանակներում Չինաստանի նախագահը հանդիպելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ։