Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանում չկա դաբաղով հիվանդ կենդանի

Հայաստանում չկա դաբաղով հիվանդ կենդանի
23.01.2016 | 23:39

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի, հայաստանցի սպառողները անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար: Նախօրեին ՌԴ-ն արգելել էր Հայաստանից մսի և կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղի անկայուն իրավիճակով։ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը պարզաբանել է, որ դեկտեմբերին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից Արազափ գյուղում է գրանցվել կենդանիների դաբաղ հիվանդության դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղեկացրել է կազմակերպությանն ու ԵԱՏՄ գործընկերներին, այնուհետև իրականացրել անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ռեֆերենս լաբորատորիայում դաբաղի տեսակը որոշելուց հետո (AG-VII շիճուկաբանական տիպի) ծառայության պետ Արմեն Հայրապետյանը բանակցություններ է սկսել ՌԴ Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ՝ Հայաստանի պատվերով հնարավորինս արագ կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելման նոր պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ: Նոր պատվաստանյութը կպարունակի դաբաղի նոր վիրուսի դեմ պայքարող AG-VII շճատեսակ. նախկինում Հայաստանում և տարածաշրջանում չի գրանցվել այս տիպի դաբաղ: Նոր պատվաստանյութը թույլ կտա դաբաղը ավելի արագ վերացնել: Հովհաննես Մկրտչյանը հստակեցրել է՝ որ ապրանքատեսակների վրա է տարածվում ժամանակավոր արգելքը. խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութ և վերամշակում չանցած միս, ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը: Տեսչության պետը տեղեկացրել է, որ բացի այդ ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր պարենամթերքը՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքը, անարգել արտահանվում են ՌԴ տարածք, հունվարի 20-21-ին հանրապետությունից 9 մեքենա պանիր է արտահանվել ՌԴ: Մկրտչյանը շեշտել է, որ արգելքը ժամանակավոր և կանխարգելիչ միջոցառում է: Այս շաբաթ Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ տեղում ծանոթանալու անասնահամաճարակային իրավիճակին ու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ