ԵՄ-ն Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ թուրքական իշխանություններին վերստին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել քրդերի հետ, և վերսկսել խաղաղության բանակցությունները՝ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրի հետ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի հարավ-արևելքում տիրող ներքին իրավիճակի կապակցությամբ։ Դա մենք ավելի մանրակրկիտ կքննարկենք հետագա բանակցությունների ժամանակ։ ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ նաև PKK-ի իրականացրած։ Մենք անհապաղ հրադադար հաստատելու և քրդերի հետ հաշտեցման գործընթացին վերադառնալու կոչ ենք անում, որը գործարկվել էր վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների համարձակ դիրքորոշման պայմաններում»։