Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ազերի Դեյլի». «Ադրբեջանի լավ ընկերը՝ ԵԽԽՎ նախագահ»

«Ազերի Դեյլի». «Ադրբեջանի լավ ընկերը՝ ԵԽԽՎ նախագահ»
26.01.2016 | 22:19

«Ադրբեջանի լավ ընկերը՝ ԵԽԽՎ նախագահ»` այսպես է վերնագրել ադրբեջանական «Ազերի Դեյլի» անգլալեզու կայքը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտի ընտրության լուրը։ Ագրամունտի գործունեության մասին որոշ ուշագրավ հրապարակումներ փաստում են, որ նա ոչ թե Ադրբեջանի, այլ Ադրբեջանի իշխանությունների լավ ընկերն է։ 67-ամյա իսպանացի պատգամավորը սկանդալի կենտրոնում հայտնվեց 2012-ին, երբ «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնը հրապարակեց հայտնի սկանդալային զեկույցը՝ «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է։ Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի իշխանություններին բարեկամաբար վերաբերվող իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը, եվրոպական հանրությանը Ադրբեջանի ընդդիմության ձայնը հասցնելու փոխարեն` «դարձել է Եվրոպայում Ալիևի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը, դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։ Վերլուծական կենտրոնը մեկ տարի անց՝ 2013-ին, կրկին անդրադառնալով Ադրբեջանում իսպանացի քաղաքական գործչի հերթական առաքելությանը, հրապարակել է մեկ այլ զեկույց` «Կեղծիքի պատկերը. ինչպես են դիտարկել Ադրբեջանը, կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» վերտառությամբ, որում հեղինակը կրկին բարձրաձայնում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումների և Ագրամունտի ոչ օբյեկտիվ գնահատականների մասին: Իսպանացի պատգամավորը հաջողությամբ սրբագրել է ադրբեջանցի իրավապաշտպանների վկայությունները և Ադրբեջանը Եվրոպային ներկայացրել որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ երկիր։ Ագրամունտի գործունեության շուրջ կրքերը բորբոքվեցին անցյալ տարի, երբ նա ԵԽԽՎ-ին ներկայացրեց վերջին զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ։ «Մեղմ, հաճախ իրականությունից կտրված վկայություններ, որոնք այդպես էլ ճշգրիտ չներկայացրին երկրում օր օրի վատթարացող իրավիճակը»,- այսպես էին արձագանքում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները իսպանացի պատգամավորի փաստաթղթին։ 2014-ին, երբ հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների մասին հերթական անգամ պետք է զեկույց պատրաստի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, ադրբեջանցի իրավապաշտպանների շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ «Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր լոյալությամբ»,- «Կավկազսկի ՈՒզել»-ին ասել էր իրավապաշտպան Արզու Աբդուլաևան։ «Ոչ օբյեկտիվ և չափազանց մեղմ»,- նույն լրատվամիջոցում իր գնահատականն այսպես էր ձևակերպել իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ