Երեկ Բաղդադում սկսվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որը համանախագահում են Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։ Նիստի ընթացքում կողմերն ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկել են համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։ Այցի շրջանակում Երիցյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և Հայաստանի իշխանությունները հանձնառու են ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Ընդգծվել է երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և զուգահեռ ցամաքային հաղորդակցության ուղիները զարգացնելու կարևորությունը, գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Իրաքի նախագահը ողջույններ ու բարեմաղթանքներ է փոխանցել Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին։ Նա ընդգծել է հայության ներկայությունը Իրաքում և նպաստը երկրի զարգացման գործում։ Մասումը նշել է, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերված աջակցության համար։ Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև այսօր: