Երկու զեկույցներն էլ մեծ պրոբլեմներ ունեին իրենց սուբյեկտիվությամբ՝ կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Ասուլիսում անդրադառնալով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ընդունված զեկույցներին՝ նա ասել է. «Խիստ անբնական է, որ այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից»: ԵԽ-ում եղել է փորձ, որ անկախ քաղաքական ճանաչումից մասնակցություն է ունեցել երկիրը, որի հարցը քննարկվել է ԵԽԽՎ-ում, խոսքը Կոսովոյի և Հյուսիսային Կիպրոսի մասին է: Երկրորդ խնդիրը՝ զեկուցողները չեն այցելել երկիր, որի վերաբերյալ զեկույց են պատրաստել: «ԵԽ-ն ընդհանրապես և ԵԽԽՎ-ն մասնավորապես որևէ փորձ չունեն կոնֆլիկտների քաղաքական ասպեկտին առնչվելու, միջնորդի դեր ստանձնելու: Հետևաբար, ճիշտ չէ փորձել հարակից երևույթներով «նպաստ» բերել գործընթացին, այս հարցում ամենակարևոր խնդիրը պետք է լինի «մի վնասիր» սկզբունքը»,- ասել է Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով՝ ԵԽ-ն այն կառույցն է, որի լիիրավ անդամ է Հայաստանը, և ցանկացած նման դրսևորումներ ՀՀ-ին պետք է տեղիք տան մտածելու, թե հետագայում ինչպես է շարունակելու իր աշխատանքներն այդ կառույցում:
«ՈՒոլթերի զեկույցի պարագայում բանականությունը հաղթեց: ՈՒոլթերի զեկույցն իր կշռով չէր կարող հավասարակշիռ լինել Մարկովիչի զեկույցին: Այդ զեկույցները բանաձևեր են, չունեն որևէ իրավական ուժ, ցույց են տալիս տրամադրություններ, ոչ ավելին: Այս զեկույցներն ուղղակի քաղաքականության վրա ունեն չնչին ազդեցություն»,- հիշեցրեց Կարեն Բեքարյանը: