Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում: Երկրում աճում է Եվրասիական տնտեսական միության նկատմամբ դրական վերաբերմունքը, և հնարավոր է, որ ռուսական ազդեցությունը նույնպես աճում է։ Վերջին տարիների հարցումների տվյալները վկայում են ԵԱՏՄ-ի նկատմամբ վրացական աջակցության ակնհայտ և կայուն աճը։ Աճում է քաղաքական աջակցությունը Վրաստանում հակաարևմտյան և ռուսամետ քաղաքական միավորումների նկատմամբ։ Վրաստանը բալթյան երկրներից դուրս հետխորհրդային ամենակայուն և ամենաժողովրդավարական երկիրն է և հավանաբար վերջին հույսը տարածաշրջանում: ԱՄՆ-ն ու Եվրոպան միլիարդավոր դոլարներ են ուղղել երկիր՝ ժողովրդավարության և տնտեսական զարգացման համար, Թբիլիսին խանդավառությամբ է ընդունել արևմտականացումը: Տարիների ընթացքում ռուսամետ կուսակցություններն ավելի ու ավելի շատ քաղաքացիների ձայներ են բերում ընտրություններում: Վերջին հարցումները և այլ տվյալներ ցույց են տալիս, որ հնարավոր է՝ այս տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ձայները մեծ աճ գրանցեն: Հավանական է, որ ռուսամետ կուսակցությունները բավականաչափ տեղեր ստանան խորհրդարանում՝ Վրաստանի ներկայիս արևմտամետ քաղաքական համերաշխությունը վերացնելով:
Տարբեր սոցիոլոգիական կենտրոնների գնահատականներով՝ դեպի ԵԱՏՄ Վրաստանի ուղղությունը պաշտպանող քաղաքացիների թիվը 31-44 % է, մինչդեռ 2013-ին 11 % էր: The Washington Post-ը նշում է, որ եթե Վրաստանը շրջվի Արևմուտքից, դա հարված կլինի ոչ միայն երկրում աճող ժողովրդավարությանը, այլև Մոսկվային թույլ կտա վերահսկել Եվրասիայի ներքին մասը, Ռուսաստանին կտա ուղիղ միջանցք՝ մինչև Մերձավոր Արևելք, և արևմտյան երկրներին կզրկի եվրասիական էներգառեսուրսների հասանելիությունից: Վրաստանում ռուսամետ հայացքների գերակշռության դեպքում «Ռուսաստանը վերահսկողություն կստանա ռազմավարական այն պետությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Եվրոպայի միջև են»: