Հունվարի 26-ին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քվեարկության է դրվել հակահայկական 2 զեկույց՝ Ռոբերտ ՈՒոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկված են ջրից»: Առաջին զեկույցը մերժվել է 66 կողմ, 77 դեմ, 45 ձեռնպահ ձայներով: Երկրորդն ընդունվել է 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայներով: Առաջին քվեարկությանը մասնակցել է 181, երկրորդին՝ 209 պատգամավոր: Երկու դեպքում էլ բանաձևերի ընդունմանը կողմ են քվեարկել Ադրբեջանի, Թուրքիայի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Սերբիայի պատվիրակները: Հունգարիայի պատգամավորների մեծ մասը ևս կողմ է քվեարկել: Լեհ պատգամավորները երկու դեպքում էլ ձեռնպահ են եղել: Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչները դեմ են քվեարկել երկու բանաձևերին էլ: Մեծ Բրիտանիայի պատվիրակության մեծ մասը դեմ է քվեարկել երկու բանաձևերին, այդ թվում, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցին: Ֆրանսիայի ու Գերմանիայի պատգամավորների ձայները գրեթե հավասար են բաշխվել, Իտալիայի ու Հունաստանի պատվիրակությունների մեծ մասը դեմ է քվեարկել հակահայկական բանաձևերին: