Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Բաքու՝ 4 մլրդ դոլարի արտակարգ վարկերի հնարավոր փաթեթի քննարկման համար՝ կապված ազգային արժույթի և նավթի գների անկման հետ՝ գրում է Financial Times-ը։ Վարկը կարող է դառնալ առաջինը նավթի գների անկմամբ պայմանավորված ֆինանսական օգնության ցուցաբերման ծրագրերի շարքում։ Պատվիրակությունը Բաքվում կգտնվի հունվարի 28-ից փետրվարի 4-ը՝ երկրի իշխանությունների խնդրանքով։ Այցի ժամանակ կքննարկվի «տեխնիկական օգնությունն» ու «հնարավոր ֆինանսական կարիքների գնահատականը»։ Խոսքը 4 մլրդ դոլար վարկի մասին է։ Ինչպես հայտնել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը Ադրբեջանի կառավարության հետ կքննարկեն անհապաղ և երկարաժամկետ միջոցառումներ՝ կապված տեղի արժույթի վրա ճնշման և նավթի ցածր գների հետ։
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը։ Անցած շաբաթ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոցներից մեկը կլինի ներքին շուկա պարտատոմսերի թողարկումը։ Այլ ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի, նույնպես առաջիկա մի քանի օրերին կայցելեն Բաքու։