Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004-ին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով: ՄԻԵԴ-ը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին պահանջել է պաշտոնապես պատասխանել Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցին: Մարգարյանի հարազատներին ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ՀԿ-ն և Նազելի Վարդանյանը: Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացին Բուդապեշտում: 2004-ի փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել է Մարգարյանին կացնով: 2006-ի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ: 2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից և նա ազատ է արձակվել: Նրան տրվել է ութ տարվա աշխատավարձ և բնակարան, բարձրացվել է ծառայողական աստիճանը: Երկու երկրների կառավարություններից պահանջվում է ներկայացնել իրենց պատասխանները Ստրասբուրգի դատարանին մինչև մայիս: Դատարանը նաև հրավիրել է Հայաստանի կառավարությանը իր մեկնաբանությունները տրամադրելու՝ հաշվի առնելով Մարգարյանի ազգությունը: