Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է կրոնական խտրականության մեջ։ Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքներն և միջնորդների կոչը՝ Ալիևը նշել է. «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաև պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։ Տեսեք, թե ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը ԵԽԽՎ վերջին լսումների ժամանակ։ Ո՞Ւմ տեղն են նրանք իրենց դրել։ Այսինքն՝ պետք է ճնշում գործադրեն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա՞։ Հրամաններ տան բոլոր միջազգային կազմակերպությունների՞ն։ Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է։ Իհարկե այնտեղ տարբեր մարդիկ կան։ Կան հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող մարդիկ, կան շատ իսլամաֆոբներ։ Կան այնպիսիք, որոնք համերաշխ են Հայաստանի հետ և կապված են հայկական լոբբիին։ Ես կազմակերպության անդամ եմ եղել և գիտեմ դա։ Բայց այդ կազմակերպությունն այսօր այդ հարցը դրել է օրակարգում։ Մինսկի խմբի համանախագահները նրանց վրա ճնշում են գործադրում, որպեսզի հարցը չքննարկվի։ Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով էլ մեզ չբավականացրեց 4 ձայն՝ բանաձևն ընդունելու համար։ Ես ասել եմ և ասում եմ նրանց երեսին։ Այսօր այդ մասին բացահայտ եմ ասում, որպեսզի իմանա նաև հասարակությունը։ Նրանք ամենամեծ դերակատարումն ունեն նրանում, որ հարցը չի լուծվում։ Ինչո՞ւ։ Որովհետև երկակի չափանիշներ են կիրառում։ Ի՞նչն է պատճառը։ Հարցնում ես, իսկ պատասխան չկա։ Դա նույնպես յուրօրինակ մարտավարություն է։ Երբ հարցն իրենց դուր չի գալիս, չեն պատասխանում։ Բայց մենք գիտենք պատասխանը։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերում են երկակի չափանիշներով։ Հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»,- ասել է Ալիևը։