Սիրիայից և Իրաքից Գերմանիա հասած փախստականները հայրենիք կվերադառնան, երբ ավարտվեն ռազմական գործողությունները՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության ժողովում: Նա նշել է, որ 1990-ականներին նախկին Հարավսլավիայում ռազմական գործողություններից Գերմանիա փախածների 70 տոկոսը հայրենիք է վերադարձել: Մերկելի հայտարարությունը գնահատվել է կանցլերին բացահայտ քննադատողներին հանգստացնելու փորձ: Գերմանիան վերջին մեկ տարում ընդունել է մեկ միլիոն փախստականի: Կանցլերի ընդդիմախոսները պնդում են, որ Գերմանիայի կառավարությունը չպետք է մեղմ վերաբերվի ԵՄ ձգտող միգրանտների խնդրի լուծմանը: