Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է լրագրողների դեմ հարուցած դատական գործերը, որոնք բացահայտել են Անկարայի և ԴԱԻՇ-ի կապերը, վերածել «ցուցադրական գործընթացի», որ կստիպի լրագրողներին դադարել բացահայտել կառավարության գործունեության գաղտնի կողմերը՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը: Էրդողանի ծրագրի համաձայն՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ճակատագիրը, որ հրապարակել են տեղեկատվություն Սիրիայի ջիհադիստներին զենք մատակարարելու մասին, պետք է երկար մնա թուրք ժողովրդի հիշողության մեջ: Երկու լրագրողների գործով վճիռը կդատապարտի նաև Թուրքիայում ազատ մամուլը: Մեկնաբանելով լրագրողների ձերբակալությունը՝ Էրդողանը հասկանալ տվեց, որ, մեծ հաշվով, նշանակություն չունի՝ թուրքական բեռնատարները ինչ են տեղափոխում Սիրիա՝ զե՞նք, թե՞ հումանիտար օգնություն: Նա չի ժխտել, որ Cumhuriyet-ի հրապարակումները հիմնված են փաստերի վրա, այլ շեշտադրել է, որ չպետք է հրապարակվեին, քանի որ ոչ ոք իրավունք չունի մատնանշել կառավարության մեքենայությունները: Այս գործընթացը կսահմանի նոր չափորոշիչներ թուրքական զանգվածային լրատվամիջոցների համար: Եթե լրագրողները դատապարտվեն, մեկընդմիշտ վերջ կդրվի Էրդողանի գործողությունների բացահայտումներին, և երկիրը, որը պարուրված է ստի սարդոստայնում, ևս մեկ քայլով կմոտենա բռնապետությանը: