Եգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռում ահաբեկչության կազմակերպմանը հնարավոր է՝ մասնակցել են թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման զինյալները` հայտնել են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ «Գորշ գայլերը» կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և Եգիպտոսում գործում են 1960-ականների վերջից։ Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը», մասնավորապես՝ Ալփարսլան Չելիքն են սպանել ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին, ով ինքնանետվել էր ինքնաթիռի խոցումից հետո։ Հունվարի 29-ին Reuters-ը, քննությանը մոտ աղբյուրների հղումով, տեղեկացրել էր, որ «Իսլամական պետությունը» Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռը կործանել էր EgyptAir ավիաընկերության մեխանիկի օգնությամբ, որը ջիհադականներից մեկի եղբայրն է։ Գործակալության տվյալներով՝ չորս կասկածյալներ՝ մեխանիկը, նրան օգնող բեռնակիրը և երկու ոստիկաններ, ձերբակալված են։ Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։