Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները խնդրանք-պահանջով դիմում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում։
Քոլեջի ուսանողությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.
«Մենք` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից, որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լևոն Սահակյանը և մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով:
Լևոն Սահակյանը իր տնօրինության ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեզ լավ զգանք մեր սուղ շենքային պայմանների մեջ, ամեն կերպ աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է մեզ` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Լևոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Նրա և մեր միջև միշտ եղել են բարեկամական, ընկերական հարաբերություններ: Պարոն Սահակյանը սրտացավ, ուսանողի խնդիրները ըմբռնող տնօրեն է, նա ջանացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են ուսումնական պրոցեսի ընթացքում, որի շնորհիվ տնօրեն-ուսանող պաշտոնական հարաբերությունները վերածվել էին փոխադարձ հարգանքի և սիրո վրա հիմնված շփումների:
Հարգելի պարոն Աշոտյան, ակնկալում ենք Ձեր աջակցությունը` Լևոն Սահակյանին վերականգնելու իր պաշտոնում: Մեր պահանջը հիմնավորում ենք ակնհայտ փաստով, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը երկար տարիներ եղել է բարձիթողի վիճակում և միայն Լևոն Սահակյանի աշխատանքի շնորհիվ է քոլեջը սկսել վերականգնել իր երբեմնի հեղինակությունը: Մենք սիրում ենք մեր տնօրենին, գնահատում նրա ջանքերը և ցանկանում ենք նրան կրկին տեսնել մեր կողքին` որպես ընկեր և քոլեջի ղեկավար:
Պարոն Աշոտյան, Դուք հաճախ եք նշում, որ հարգում եք սովորողների իրավունքները: Մենք հավատում ենք Ձեր խոսքին և հույս ենք հայտնում, որ կանսաք մեր ձայնին, հաշվի կառնեք մեր իրավունքները, ու Լևոն Սահակյանը կշարունակի պաշտոնավարել որպես տնօրեն: Պարոն նախարար, հակառակ պարագայում, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում մեր տնօրենը չվերականգնվի իր պաշտոնում, մենք պատրաստ ենք դիմելու բողոքի տարբեր միջոցների, ընդհուպ մինչև դասադուլի և դիմելու ՀՀ բարձր ղեկավարությանը:
Մենք պահանջում ենք մեր տնօրենին»:
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները նաև նշում են, որ այսօրվանից` փետրվարի 1-ից, հայտարարում են դասադուլ` մինչև իրենց պահանջը բավարարվի։