Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չկա Ադրբեջանի ապակառուցողական քայլերի պատճառով՝ կարծում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ 2015-ին եռանախագահները երեք հայտարարություններում հասցեական ուղերձներ են հղել Ադրբեջանին՝ կոչ անելով լարվածություն չհրահրել շփման գծում և հետևել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր ստանձնած պարտավորություններին: Ցավոք, Հայաստանն ու միջազգային հանրությունը մեծ ջանքեր են վատնում ոչ միայն բանակցային գործընթացն առաջ մղելու, այլև Ադրբեջանին սթափեցնելու կամ «խելքի բերելու» ուղղությամբ՝ թույլ չտալու, որ ավելի սրեն իրավիճակը սահմանային գոտում: «Սա գլխավոր պատճառներից մեկն է, որ եռանախագահները զբաղվում են հենց այս հարցով: Գիտեք՝ ինչ պատահեց վերջին մեկ տարվա ընթացքում: Փաստորեն, եռանախագահները մի քանի հայտարարություններ արեցին: Եթե մեր մամուլն էլ, հանրային կարծիքն էլ ասում էին՝ հասցեական չեն այդ հայտարարությունները, շատ ընդհանրական են, բայց այդ ընդհանրական հայտարարություններում էլ ակնհայտ երևում էր՝ ում են ուղղված: Գուցե դուք ճիշտ եք՝ Ադրբեջանը ձևացնում էր, որ որևէ ձևով Ադրբեջանին չեն ուղղված: Եվ ստիպեցին բացեիբաց ասել, որ Ադրբեջանին են կոչ անում վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի՝ բացառապես բանակցությունների միջոցով կարգավորմանը: Դա արվեց հունվարին, դեկտեմբերին՝ Բելգրադում, սեպտեմբերին՝ Նյու Յորքի հանդիպումից հետո: Եվ ի՞նչ եղավ: Ադրբեջանը վերահաստատե՞ց»,- ասել է Նալբանդյանը: Օրինակ բերելով Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը՝ նախարարը շեշտեց, որ մեծ հետաքննություն պետք չէ՝ պարզելու համար, թե ով է օգտագործում ծանր հրետանի: Նյու Յորքի հանդիպումից հետո եռանախագահները Ադրբեջանին հասցեական կոչ են արել համաձայնել սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը, քանի որ Հայաստանն արդեն հայտնել էր իր համաձայնությունը: Բեռնում նախագահների հանդիպման ժամանակ որոշ սպասելիքներ են եղել, որ Ադրբեջանը կհամաձայնի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, բայց երեք օր անց Ադրբեջանը հայտարարել է, որ «դրա կարիքը չկա»: ՈՒշագրավ միջադեպ է եղել նաև մայիսին, Ռիգայում անցկացված Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում: Ընդհանուր հռչակագիրը չէր վերաբերում հիմնախնդիրների կարգավորմանը, բայց կետերից մեկում ընդհանրական հղում կար հիմնախնդիրների լուծմանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի, որտեղ հղում էր արվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների 5 հայտարարություններին՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, Ադրբեջանի պատվիրակությունը բոյկոտել է հռչակագիրը և լքել գագաթնաժողովի սրահը: «Ի՞նչ պատահեց: Ադրբեջանի պատվիրակությունը որոշեց լքել գագաթնաժողովի սրահը: Ադրբեջանի արտգործնախարարն ուղղակի փախավ սրահից: Իսկապես, ուրիշ խոսք չես կարող ասել, և բոլորն ասում էին՝ հետ բերեք Ադրբեջանի արտգործնախարարին»՝ պատմել է Նալբանդյանը: Ստիպած են եղել ավելի քան մեկ ժամ սպասել, թե երբ հետ կգա Էլմար Մամեդյարովը: Իրավիճակը փրկել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ, որի շնորհիվ Ադրբեջանը չարգելափակեց գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը: Ըստ նախարարի՝ Ադրբեջանի այս պահվածքն է պատճառը, որ բանակցություններն առաջընթաց չեն ունենում, քանի որ կողմերից մեկն ամեն ինչ անում է, որ ձախողի եռանախագահների ջանքերը և բանակցային ձևաչափը, որի շրջանակներում Բաքուն չի կարողանում առաջ տանել իր «մաքսիմալիստական պահանջները»: Հետևաբար նախ և առաջ անհրաժեշտ է զսպել ապակառուցողական քայլերը և պայմաններ ստեղծել գործընթացն առաջ մղելու համար: «Բանակցային խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, համատեղ ջանքերը եռանախագահների հետ»,- շեշտեց ԱԳՆ ղեկավարը՝ նաև տեղեկացնելով, որ մոտ օրերս նոր հանդիպում է լինելու Մինսկի խմբի համանախագահների հետ: