Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների տապալման պատասխանատուն Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցներն են՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ տեղեկացնում է Reuters-ը։ «Մենք քննարկում ենք Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ռեժիմի գրոհը, որի նպատակն է շրջափակել ու խեղդել Հալեպն ու նրա հարյուր հազարավոր բնակիչներին։ Ես Ֆրանսիայի կողմից լիակատար աջակցություն եմ հայտնում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի որոշմանը՝ դադարեցնել բանակցությունները, որոնց մեջ ներդրում ունենալ չեն ցանկանում ոչ Բաշար Ասադի ռեժիմը, ոչ նրանք, ովքեր աջակցում են ռեժիմին»,- ասել է Ֆաբիուսը։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան Սիրիայի իշխանություններից ու դաշնակիցներից պահանջում է լիովին հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին՝ անկանոն ռմբակոծությունները, շրջափակումը դադարեցնելու և բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու մասով։ Լորան Ֆաբիուսը նշել է, թե առաջիկա հանդիպումները և Լոնդոնում դոնորների համաժողովը, որին կմասնակցի ինքը, Փարիզին թույլ կտա խորացնել քննարկումները գործընկերների հետ՝ հետագա գործողությունների վերաբերյալ։