Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը։ Եթե նախկինում ԵՄ օրենսդիրներն ակնարկում էին, թե տարատեսակ պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղարկել ՈՒկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները կատարելու դեպքում, հիմա ներկայացվում է նոր պահանջ` «պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, երբ ՈՒկրաինան կվերականգնի հսկողությունը Ղրիմի նկատմամբ»։ Այդ պահանջը տեղ է գտել Եվրախորհրդարանի բանաձևում, որը եվրոպացի օրենսդիրներն ընդունել են քվեների 472 կողմ, 79 դեմ, 33 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթղթում ասվում է, որ «Եվրախորհրդարանը սատարում է ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` այդ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Բանաձևը, որի առանցքային թեման Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման, թաթարներին ճնշելու խնդիրն է, հրապարակվել է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում։ Եվրախորհրդարանը «բռնակցում» է որակում Ղրիմի միավորումը Ռուսաստանին։ Բանաձևի հենց առաջին կետը սահմանում է Մոսկվային ներկայացված պահանջը` «վերադարձնել Ղրիմը»։ Դա օրենսդիրները համարում են «Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այդ թվում պատժամիջոցները չեղարկելու պայմաններից մեկը»։ 13-րդ կետով Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ է անում «պահպանել անմիջապես Ղրիմին վերաբերող պատժամիջոցները, որոնց համաձայն արգելվում է Ղրիմից Եվրոպա ամեն տեսակի արտադրանքի ներմուծումը, Եվրոպայից Ղրիմ որոշ ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը և ներդրումները»։ Այդ կարգը, ըստ բանաձևի, կարող է վերանայվել, երբ Ղրիմն ամբողջապես կհայտնվի ՈՒկրաինայի իրավասության ներքո։ Եվրոպացի օրենսդիրները դատապարտում են «թերակղզու բնակիչների, մասնավորապես թաթարների իրավունքների աղաղակող ոտնահարումները»։ Բացի այդ, բանաձևում դատապարտվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննախադեպ ռազմականացումը, որը բացասական ազդեցություն է գործում տնտեսական և սոցիալական կյանքի վրա»։