Հայաստանն իր քաղաքական պատմության մեջ որոշիչ փուլ է մտել՝ հայտարարեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին, ընդգծելով, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կարևոր ազդակ կլինի Հայաստանի կողմից միջազգային հանրության համար: Ընտրությունների թափանցիկությունն ապահովելուն ուղղված՝ մեկնարկել է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը, որը ԵԽ նախաձեռնությունն է և անցկացվելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ:
«2017-ի ընտրությունները կարող են շատ մեծ դեր խաղալ Հայաստանի համար: Մենք գիտենք, որ ընտրությունները միշտ ուղեկցվել են քննադատություններով թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանի համար շատ կարևոր է վերադարձնել վստահությունը ընտրությունների և դրանց լեգիտիմության նկատմամբ: Սահմանադրական հանրաքվեն ևս զերծ չմնաց քննադատություններից: Ներկայացվեցին նաև մի շարք ապացույցներ խախտումների վերաբերյալ: Մենք դեռ սպասում ենք ԵԱՀԿ ամփոփիչ զեկույցին: Մենք և միջազգային համայնքը հուսով ենք, որ խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը կլինեն համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Դա մեզ համար կարևոր ազդակ կլինի»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը կարևորեց նոր Ընտրական օրենսգրքի մշակումը՝ հույս հայտնելով, որ վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուսի արդյունքում: Ըստ դեսպանի՝ «արդար և կասկածներ չհարուցող ընտրությունների համար նախ պետք է լուծել ընտրացուցակներին առնչվող խնդիրները ու վերացնել վերջնահաշվարկի նկատմամբ անվստահությունը: Դա կարելի է անել նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Գուցե Հայաստանի դեպքում այս փոփոխությունը ևս դրական փոփոխությունների բերի: Մեքենաներից բացի, սակայն, կարևոր դեր ունի մարդկային գործոնը, և այս ծրագիրն ուղղված է հենց մարդկային գործոնի բացասական ազդեցության վերացմանը, որպեսզի ընտրական գործընթացում ներգրավված մարդիկ չունենան գաղտնի օրակարգ»:
«Շատ է խոսվում նաև բանակում քվեարկության մասին: Այս ծրագիրը պետք է ներառի նաև այն անձանց, ովքեր պատասխանատու են բանակի համար: Պետք է նաև մեծացվի վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, և ես ուրախ եմ, որ հանձնաժողովի նախագահը ևս այստեղ է»,- նշեց նա:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորեց ոչ միայն ընտրությունների դիտարկումը, այլև մասնակցության աստիճանը: Տեղեկացրեց, որ ծրագիրն ուղղված է երիտասարդ և առաջին անգամ ընտրելու իրավունք ունեցող անձանց մասնակցությանը: Ըստ նրա՝ «Ընտրություններում մասնակցության թիվը վստահության մթնոլորտ ստեղծելու կարևոր գործոններից է: Պետք է ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ բոլոր փուլերում: Դրա համար պատասխանատու է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքացիական հասարակությունը: Այդ ամենն ապահովելու համար իշխանությունը պետք է համագործակցի միջազգային կառույցների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց ինչպես թշնամու»: