Կոմերսանտը գրում է, որ չինական բանկերը ռուսական ընկերություններին ու ֆիզիկական անձանց ստիպում են փակել հաշվեհամարները և տեղափոխել այլ տեղեր, հրաժարվում են վարկեր տրամադրել: Փաստացի, չինական բանկերը, որոնք գործնական հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի բանկերի հետ և մտնում են գլոբալ ֆինանսական համակարգի մեջ, միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, գրում է թերթը: 2015-ին Չինաստանը 794 մլն դոլարի ներդրումներ է կատարել Ռուսաստանում, որը արտերկրում չինական ներդրումների ընդամենը 0,7 տոկոսն է: Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 30 տոկոսով, գազի մատակարարումները՝ 51 տոկոսով, իսկ դրամային արտահայտությամբ՝ ավելի քան 70 տոկոսով: Ռուսաստանը չինական ուղղությունը հայտարարել էր գերակա և համարում էր Արևմուտքի պատժամիջոցների դեմ պայքարի, սեփական տնտեսությունը վարկավորելու հնարավորություն: Սակայն բոլոր ծրագրերը տապալվել են, արևելյան ուղղությունը, որը դարձել էր ռուսական քարոզչության հաղթաթուղթը, փակվել է Ռուսաստանի համար: